Թեստավորիր կյանքդ
Ծրագրավորման ոլորտում կա թեստավորողի մասնագիտությունը: Դա մի մարդ է, որն օգտագործում է ծրագիրը, որպեսզի գտնի սխալները: Սովորաբար ծրագրավորողը և թեստավորողը տարբեր մարդիկ են: Ծրագրավորողը գրում է ծրագիրը, թեստավորողը՝ ստուգում:
Թեստավորողի կարիքն առաջացել է, քանի որ ծրագրավորողները հաճախ չեն նկատում սեփական սխալները (անկողմնակալ չեն իրենց ստեղծածի նկատմամբ): Հաճախ նրանք տեսնում են այն, ինչ ակնկալում են տեսնել, ոչ թե այն, ինչ կա: Դա նման է նրան, որ գիրք գրողն ինքն ուղղումներ անի տեքստում (շատ սխալներ քեզ սխալ չեն թվա): Թարմ հայացքով մարդը, ավելի հավանական է, որ կնկատի սխալները:
Մեզ համար դժվար է քննադատաբար վերաբերվել սեփական անձին (ստեղծածին): Այն, ինչ մենք անում ենք, մեզ ճիշտ է թվում:
Երբ տարիներ շարունակ ապրում ես նույն կերպ, ենթագիտակցաբար համոզում ես քեզ, որ ամեն ինչ ճիշտ ես անում. ունես ճիշտ մասնագիտություն, աշխատում ես ճիշտ տեղում, շրջապատված ես ճիշտ մարդկանցով, ճիշտ ես սնվում, ճիշտ ես անցկացնում օրդ, հավատում ես ճիշտ բաների, կյանքը հասկանում ես շատ ճիշտ: Բայց ինչպես ծրագրավորողը չի տեսնում իր բոլոր սխալները, այնպես էլ մենք դժվար ենք գիտակցում սխալները մեր կյանքում: Բայց, ի տարբերություն ծրագրավորման, մեր կյանքում թեստավորման մասնագետ չկա: Մենք ինքներս պետք է դառնանք այն:
Ինչը թեստավորել
Աշխատանքի մեջ ես ունեմ մի սկզբունք: 80-90% դեպքերում ես անում եմ այն, ինչը նախկինում լավ արդյունք է տվել (ձգտելով եղածն ավելի լավացնել), բայց 10-20% դեպքերում փորձում եմ այնպիսի նոր բաներ, որոնք եղածի հետ կապ չունեն (թվում են սխալ, անիմաստ, երբեմն` հիմարություն): Այդպես ժամանակ առ ժամանակ ծնվում են նոր մտքեր, որոնք աշխատում են ավելի լավ, քան նախորդները: Երկարաժամկետ տեսանկյունից դա տալիս է մրցակցային առավելություն, քանի որ մարդկանց մեծ մասն աշխատանքի մեջ անում է նույն բանը՝ մնալով հին մտածելակերպին:
Ես փորձում եմ թեստավորել իմ օրվա (կյանքի) բոլոր մասերը: Եթե նախկինում ինչ-որ վայր միշտ մեկնել եմ ավտոմեքենայով, մի օր կգնամ ավտոբուսով կամ մետրոյով, հեծանիվով կամ ոտքով: Եթե մարզվելիս միշտ կրկնում եմ իմ սիրած վարժությունները, մի օր կփորձեմ նոր վարժություններ: Եթե աշխատասեղանի մոտ միշտ նստում եմ նույն դիրքով՝ դեպի նույն տեսարանը, մի օր կփոխեմ դիրքս և տեսարանը: Անկախ նրանից, որ ինձ դուր է գալիս տան իրերի դասավորվածությունը, մի օր ես կվերադասավորեմ իրերը (սովորաբար ամեն հաջորդը նախորդից լավ է ստացվում՝ չնայած նախորդը թվում էր կատարյալ): Եթե ինձ դուր է գալիս չինական մարտարվեստը, մի օր կփորձեմ թաիլանդականը: Եթե ունեմ գրքի նախընտրելի ժանր, մի օր կփորձեմ այլ ժանրի գիրք: Եթե հեռախոսում կամ համակարգչում ունեմ մշտական օգտագործվող ծրագրեր, մի օր կփորձեմ նմանատիպ այլ ծրագրեր:
Երբեմն հասարակ փորձարկումները բերում են այնպիսի արդյունքների (աշխատանքային, գիտակցական, զգացմունքային), որոնք զգալի լավացնում են կյանքդ, բայց դրան չէիր հասնի, եթե նոր բաներ չփորձեիր:
Տարիներ շարունակ ես ինքնակրթվում եմ առողջ ապրելակերպի, մասնավորապես՝ սննդի ոլորտում: Բայց չկա այնպիսի սննդակարգ, որը համարում եմ վերջնական ճիշտ: Ժամանակ առ ժամանակ ես կասկածի տակ եմ դնում իմ սննդակարգը: Դա չի նշանակում, որ այն, ինչ նախկինում արել եմ, պարզվում է՝ սխալ է: Սխալներ լինում են, բայց փորձարկումներն ավելի շատ լրացնում և ձևափոխում են հինը, քան ամբողջությամբ փոխում: Դա նման է շերտ առ շերտ զարգացման: Ամեն շերտը դառնում է հիմք հաջորդ շերտի համար:
Իմիջիայլոց, ինձ զարմացնում է այն, երբ մարդիկ, որոնք չեն ինքնակրթվում սննդի ոլորտում (տասնամյակներով սնվում են նույն կերպ), սխալ են համարում այն մարդու սննդակարգը, որն անընդհատ աշխատում է իր վրա, ինքնակրթվում և աճում է:
Ավելի լավ կյանք
Թեստավորում՝ չի նշանակում, որ պետք է ամեն անգամ կյանքդ հիմնովին փոխես: Սովորաբար փոփոխությունները երևում են երկար ժամանակահատվածում: Թեստավորումը մեծ ռիսկեր չի պարունակում: Եթե թեստավորման արդյունքում գտնում ես ավելի լավ տարբերակ, կիրառում ես այն, եթե ոչ, մնում ես հնի հետ: Թեստավորման ամենամեծ խնդիրն այն է, որ այն քեզնից ժամանակ է խլում, հատկապես եթե թեստավորում ես տարբեր բաներ: Բայց դու անում ես դա հանուն ավելի լավ արդյունքների (կյանքի): Եթե արդյունքներիցդ (կյանքիցդ) լիարժեք գոհ ես, աճի և փոփոխության կարիք չես զգում, կարող ես չթեստավորել: Բայց եթե գոհ չես, պետք է դրան ժամանակ հատկացնես, քանի որ վատ կյանքը, դժգոհությունը, տառապանքը, անարդյունավետությունը խլում են ոչ միայն ժամանակդ, այլև նյարդերդ, առողջությունդ, էներգիադ, երբեմն՝ կյանքիդ իմաստը:
Ես իմ կյանքի լավագույն թեստավորողը չեմ: Ես համոզված եմ, որ շատ բաներ դեռ սխալ եմ անում և չեմ նկատում: Բայց գիտեմ նաև, որ դա է զարգացման ուղին: Գիտեմ, որ կան շատ բաներ, որոնք լավացրել եմ: Ամենակարևորը՝ գիտեմ, որ շարունակելու եմ լավացնել: Չկա վերջնակետ, որին պետք է հասնես (սա անվերջ ճանապարհ է): Եթե ճանապարհը հաճույք է պատճառում, օգտակար է և բարձրացնում է քեզ, ապա ինչու այն չընտրել: Կարևորը՝ ձգտելով դառնալ ավելի լավը, չպետք է քեզ թերի զգաս: Պետք է կենտրոնանաս աճի (փոփոխության) վրա, ոչ թե ընթացիկ վիճակի: Օրինակ, եթե ավելորդ քաշ ունես և որոշում ես փոխվել, քեզ պետք է ոգեշնչի փոփոխությունը, ոչ թե ընկճի քաշը: Թեստավորումը թույլ է տալիս գիտակցել, թե դեպի ուր է ավելի ճիշտ շարժվել: Երբ դա գիտակցում ես, նախկինում եղածը դադարում է կարևոր լինել: