21 մեջբերումներ «Կամքի ուժ» գրքից

Երբ վերադարձա բանակից և սկսեցի աշխատել, ինձ թվում էր, թե արդեն հասուն, գիտակից մարդ եմ, ում համար նոր կյանք է սկսվում: Սխալվում էի: Ավելի ուշ հասկացա միայն, որ նույնիսկ այդ տարիները գիտակից համարել չէր կարելի, քանի որ այն, թե ինչպես էի ես ապրում և ինչով էի զբաղվում, թելադրում էր ոչ թե գիտակցությունս, այլ սովորություններս, որոնք ձևավորվել էին տարիների ընթացքում: Այդ սովորությունները ձևավորվել էին այն հասարակության մեջ և շնորհիվ, որտեղ ես ապրում էի, և որտեղ ապրում ենք մենք բոլորս: Իմ սովորությունների հիմքում իմ որոշումները չէին. դրանք ինչ-որ մեկն ասես «գլխումս դրել էր»: Երբ հասկացա դա, սկսեցի ղեկավարել սովորություններս:

ԾԽԵԼ

Ես գիտեմ մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում ծխում են և առողջ են: Ես, իհարկե, շատ ուրախ եմ դրա համար, սակայն նրանց ես կհամեմատեմ վիճակախաղով մեծ գումար շահած մարդկանց հետ: Հարցն այսպիսին է. դուք համոզվա՞ծ եք, որ կշահեք վիճակախաղը:

***

Երբ ես տեսնում եմ, թե ինչպես է մարդը, մեքենայից իջնելով, առաջին հերթին վառում ծխախոտը, թե ինչպես են փողոցում քայլող երիտասարդներն ուրախ-ուրախ ծխում, թե ինչպես են կոստյումով, լուրջ տեսքով մարդիկ մի ձեռքում սուրճը, մյուսում` ծխախոտը, վայելում ընդմիջումը, հասկանում եմ, որ այդ սցենարները մտցվել են մեր կյանք` սկզբում արհեստականորեն, հետո մենք ինքներս ենք սկսել դրանք տարածել: Ինչ-որ պահից սկսած` հասարակությունն ինքն է անում այն գործը, որի գաղափարն իրենը չէ:

***

Ծխախոտի տուփի վրա գրված է. «Ծխելը վնասակար է առողջության համար»: Այնտեղ գրված չէ` «Ծխելը գուցե վնասակար է առողջության համար» կամ «Շատ ծխելը վնասակար է առողջության համար»:

ԱԼԿՈՀՈԼ

Հետաքրքիր է, բայց ժամանակին մտքովս անգամ չէր անցնում, որ կարելի է չխմել: Ալկոհոլը մտած է մեր առօրյա այնպես, ինչպես ուտելը, առավոտյան լվացվելը կամ բարևելիս միմյանց ձեռք սեղմելը:

***

Ալկոհոլ օգտագործելու սովորությունն այդքան տարածված է մեկ հիմնական պատճառով` դա անում են բոլորը:

***

Մարդիկ ալկոհոլը չեն ընկալում այնպես, ինչպես, օրինակ, ծխելը: Պատճառները մի քանիսն են: Նախ` ալկոհոլ ամեն օր չենք օգտագործում, այլ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` միայն առիթից առիթ: Երկրորդ` դրա բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա այնքան էլ ակնհայտ չէ և այնքան չի լուսաբանվում, ինչպես ծխելու դեպքում: Հակառակը, միշտ էլ պտտվել են խոսակցություններ, թե ինչպես է, օրինակ, օղին կանխարգելում հարբուխն ու մրսածությունը, ինչ հրաշքներ է գործում կարմիր գինին, կամ ինչպես է պապիկն ապրել մինչև 95 տարեկան, քանի որ ամեն առավոտ մեկ բաժակ խմել է: Եվ երրորդ` ալկոհոլի չափավոր օգտագործումը չի համարվում կախվածություն:

***

Ալկոհոլից հրաժարվելուց հետո սկսում ես ավելի գիտակցաբար ապրել:

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ

Հեռուստացույցի միջոցով հնարավոր է ազդել մարդու վրա: Նրա գլխում հնարավոր է արմատավորել ինֆորմացիա, որը հետագայում կդառնա որոշում, և մարդը կընդունի այն` որպես սեփական:

***

Երբ դադարեցի հեռուստացույց դիտել, ավելի մոտեցա իրական կյանքին:

***

Ես չէի ցանկանում իմանալ, թե որ երգչուհին երբ է ծնվել, ում հետ է ապրում, ինչ մեքենա է վարում: Ես չէի ուզում սերիալների հերոսներին վերաբերվել այնպես, կարծես դրանք իրական մարդիկ են: Ես չէի ուզում թոք-շոուի հյուրերի կյանքի պատմություններով ապրել, կարծես դա ինչ-որ բան փոխում է: Մի խոսքով` հեռուստացույցը շեղում էր կենտրոնացումը մի բանից, ինչն իսկապես կարևոր էր` ժամանակը սեփական կյանքին հատկացնելուց:

ՍԹՐԵՍ

Երբեմն մենք այնքան նեղ ենք նայում կյանքին, որ մանրուքները մեզ հսկայական են թվում և սթրեսի առաջացման պատճառ են դառնում: Օրինակ` ազատ տեղ չկա մեքենան կայանելու համար, անձրև է` անձրևանոց չկա, հեռախոսը մոռացել են տանը, սպասարկողը կոպիտ խոսեց, բժշկի ընդունարանում հերթ է, տունը թափթփված է, ճանապարհին խցանում է, աշխատավարձը ուշացնում են, վերելակը չի աշխատում, և այլն, և այլն: Բոլոր այս իրավիճակներն իրականում մանրուքներ են, երբ կյանքին լայն հայացքով ես նայում:

***

Սիրեք կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա` անկախ դժվարություններից, անսպասելի հարվածներից, ցավերից ու կորուստներից: Երբ մենք որևէ խնդրի կամ դժվարության ենք հանդիպում, սկսում ենք բողոքել, թե ինչու հենց մենք, ինչու հենց մեզ հետ: Հետո կյանքն առաջ է բերում երկրորդ դժվարությունը (խնդիրը), ապա երրորդը, չորրորդը, և մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ երջանիկ կլինեինք, եթե լիներ միայն առաջին դժվարությունը:

***

Զոհ ես դու, թե ոչ, չեն կարող որոշել ուրիշները. դա որոշում ես միայն դու՝ քո ներսում: Քեզ կարող են գցել, բայց ոտքի կանգնողը դու ես: Քեզ կարող են խաբել, բայց եթե քեզ խաբված չես զգում, ապա զոհ չես: Ընկնելիս ոտքդ կարող է կոտրվել, բայց եթե գիտակցում ես, թե որքան բան կարող ես անել մյուս ոտքով, դու զոհ չես: Քաղցկեղով հիվանդ մարդը զոհ չէ, եթե որոշում է ապրել: Աղքատ մարդը զոհ չէ, եթե դժգոհ չէ:

***

ես չեմ ուզում, որ դուք հաղթահարեք սթրեսը, ես ուզում եմ, որ այն ձեզ մոտ չառաջանա:

ԶԱՅՐՈՒՅԹ

Զայրույթը խանգարում է լուծել խնդիրը, որից էլ հենց առաջացել է այդ զայրույթը: Իսկ ավելի հաճախ այն ստիպում է լուծել խնդիրը ոչ ճիշտ եղանակով, ինչի մասին հետագայում միշտ էլ զղջում ենք:

***

Հիմնականում վնասում է այն զայրույթը, որը երկար ժամանակ մնում է ներսում և սկսում է ներսից ազդել: Դուք միանգամից չեք սառչի, եթե ձմռանը սառը ջրի մեջ մտնեք: Դուք կսառչեք, եթե սառը ջրի մեջ երկար մնաք: Նույն կերպ` ձեր ձեռքը միանգամից չի այրվի, եթե արագ մտցնեք եռման ջրի մեջ և հանեք: Այն կայրվի, եթե երկար մնա եռման ջրի մեջ: Այդպես է գործում նաև զայրույթը:

***

Զայրույթ կարող է առաջանալ նաև, երբ, օրինակ, գործերումդ ինչ-որ բան չի ստացվում, կամ մարզման ընթացքում չես կարողանում վարժությունը կատարել, և այնքան ես զայրանում ինքդ քեզ վրա, որ այդ զայրույթը լրացուցիչ ուժեր է տալիս, և թաքնված հնարավորություններ են ի հայտ գալիս: Դա այն զայրույթն է, երբ անմարդաբնակ կղզում հայտնված «դժբախտը» մի քանի օր հուսահատ վիճակում մնալուց ու իրեն խղճալուց հետո որոշում է ապրել: Դա այն զայրույթն է, երբ անհաջողությունների երկար շարքից հետո որոշում ես ամեն ինչ փոխել: Դա այն զայրույթն է, երբ որոշում ես գիրքը մեկ գիշերվա ընթացքում կարդալ վերջացնել: Այդպիսի զայրույթին ես միայն կողմ եմ:

ԱՇԽԱՏԱՆՔ

Մենք աշխատում ենք ութ և ավելի ժամ ոչ թե այն պատճառով, որ դա մեզ անհրաժեշտ է, այլ այն պատճառով, որ այդպես են վարվում բոլորը:

***

Տարիներ առաջ ես հասկացա, որ միայն աշխատավարձով ապրելն ինձ համար չէ: Ես անում էի այն, ինչ անում էին բոլորը, առանց մտածելու` արդյո՞ք դա հետաքրքիր է ինձ համար, արդյո՞ք դա այն է, ինչ ես ուզում եմ:

***

Այդ ժամանակ էր, որ սկսեցի մեծ խանդավառությամբ վերաբերվել գործարարներին: Նրանք ինձ համար մարդիկ էին, ովքեր գործում էին համակարգից դուրս և կարողանում էին տարբեր աղբյուրներով փող վաստակել: Եվս մի քանի տարի պետք է անցներ, որպեսզի հասկանայի, որ միայն գործարար լինելը բավարար չէ: Կան շատ գործարարներ, ովքեր գործում են համակարգի ներսում` ձևավորված սովորությունների համաձայն: Նրանք աշխատավարձ չեն ստանում, բայց շարժվում են համակարգի կանոններով:

ԱՄՓՈՓՈՒՄ

Կամքի ուժը ձևավորելու համար դուք պետք է պատրաստ լինեք տարբերվել ուրիշներից: Հիշե՛ք, հասարակությունը ձևավորվում է ընդհանուր կանոններով: Եթե դուք շարժվում եք հասարակության կանոններով, նույն ալիքով, կամքի ուժ ձեզ պետք չէ, քանի որ դա այնքան հզոր ալիք է, որ ձեզ իր հետ կտանի: Կամքի ուժ պետք է այն դեպքում, եթե շարժվում եք ալիքին հակառակ ուղղությամբ, անում եք ինչ-որ բան, որը չեն անում բոլորը:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: