Ավելորդություններից ազատվելով ոչ թե զրկվում ես, այլ ձեռք ես բերում

Հեղինակ՝

Լավ եղանակին ինձ համար ավելի հաճելի է ընկերոջ հետ զբոսնելը, քան սրճարանում նստելը: Ես նախընտրում եմ լավ տրամադրություն ունենալ առանց ալկոհոլի: Օրվա ընթացքում ինձ առույգ եմ զգում առանց սուրճի: Միս չեմ ուտում և ֆիզիկապես ուժեղ եմ: Ազատվում եմ արժեքավոր իրերից, հագուստից, եթե դրանք չեմ օգտագործում: Քիչ եմ մասնակցում խնջույքների: Չեմ դիտում հեռուստացույց: Հազվադեպ եմ դիտում ֆուտբոլ, գեղարվեստական ֆիլմեր, իսկ երաժշտություն լսում եմ միայն մարզվելիս: Չեմ փորձում ուրիշներին ապացուցել իմ «ճշմարտությունը»: Չեմ վիճում: Հաճախ եմ զիջում: Քիչ եմ խոսում:

Անհետաքրքի՞ր կյանք է: Դժվար է գնահատել, քանի դեռ չես ապրել: Ես սկսեցի փոխվել 26 տարեկանում, իսկ մինչ այդ տեսա նաև «հետաքրքիր» կյանքը: Պարզվեց՝ «անհետաքրքիր»-ը շատ ավելի իմաստալից և երջանիկ է:

Ազատվելով՝ ազատություն ես ձեռք բերում

Երբ կյանքդ ազատում ես աղմուկից, ծանրությունից, անհանգստությունից, ավելորդից, սահմանները ոչ թե նեղանում, այլ լայնանում են: Կյանքը «թեթևացնելով»՝ ես ամեն օր ինձ զգում եմ առույգ, ոգեշնչված, երջանիկ և ուժեղ:

Ես շատ եմ սովորում և կենտրոնանում եմ նրա վրա, ինչը կարող է իմ կյանքը փոխել: Ես ազատվում եմ այն ամենից, ինչը հասարակությունից վերցրել եմ՝ առանց գիտակցելու: Երբ սկսեցի ազատվել, ավելի շատ ձեռք բերեցի: Առաջին հերթին ձեռք բերեցի ազատություն, երբ ունես անկախ մտածողություն և չես ենթարկվում ընդհանուր ազդեցությունների:

Կարողացա ապրելակերպս, աշխատանքս կազմակերպել այնպես, որ դրանք ինձ չեն  սահմանափակում: Արթնանում եմ առավոտյան ժամը 6-ին՝ անելով դա մեծ հաճույքով և առանց զարթուցչի: Երբ բոլորը քնած են, ես անց եմ կացնում իմ աշխատանքի ամենաարդյունավետ մի քանի ժամը: Երբ մարդիկ աշխատանքի են շտապում, ես զբոսնում եմ: Երեխաներիս հետ անց եմ կացնում ոչ միայն շաբաթ և կիրակի օրերը: Հաճախ ենք միասին խաղում, զրուցում, փիլիսոփայում, քայլում, մարզվում, պլանավորում:

Սովորել եմ տարբերել կարևորը ոչ կարևորից և քիչ եմ ուշադրություն դարձնում ոչ կարևորի վրա: Քիչ եմ մտածում այն մասին, ինչն էներգիա է խլում՝ առանց օգուտ տալու: Չեմ փորձում տպավորություն թողնել. նախընտրում եմ աչքի չընկնել: Կարող եմ քսան կիլոմետրից ավել քայլել՝ առանց հևալու, տեղափոխել ծանր իրեր, որոնք խեղճացնում են ինձնից ծանր շատ տղամարդկանց, փողոցում ինձ վստահ եմ զգում, սիրում եմ կնոջս և այլ աղջիկներով չեմ հրապուրվում, զգում եմ, որ պետք է փոխեմ աշխարհը և գիտեմ, որ առաջին փոքրիկ քայլերն եմ անում:

Սկզբում վերլուծիր, ապա ազատվիր

Որպեսզի կյանքդ սեփական, այլ ոչ թե հանրային նախագծով կառուցես, պետք է կյանքումդ, գլխումդ եղածը վերանայես՝ ազատվես կամ վերադասավորես:

Մանկական տարիքից հասարակությունը (այդ թվում՝ ընտանիքը) մեր «դատարկ» գլխում որոշակի մտքեր է ցանում, որոնք մենք իներցիայով աճեցնում ենք ողջ կյանքի ընթացքում: Սակայն այդ մտքերը չեն տանում դեպի մեծ արդյունքներ, նշանակալից կյանք:

Օրինակ՝ ես միշտ կարծել եմ, թե իմ ծննդյան օրը կարևոր է:  Հետո գիտակցեցի, որ այդ օրը որևէ առավելություն չունի այլ օրերի նկատմամբ: Պետք է կյանքին գիտակցաբար մոտենալ: Պետք է վերլուծել այն, ինչ անում ես, մտածես այն ամենի շուրջ, ինչը սովորական է, փորձարկումներ անես, թեստավորես և արդյունքում՝ ընտրես:

Այդ ընտրությունը կարող է չհամընկնել այն ընտրության հետ, որը կատարում է մարդկանց մեծամասնությունը: Բայց դա չպետք է անհանգստացնի: 



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: