Երբ սովորում ես հակառակ կարծիքներ լսել,  ավելի արագ ես աճում 

Հեղինակ՝
Հակառակ կարծիքներ

Մարդկային գիտակցությունն ունի մակարդակներ: Որքան էլ քեզ թվա, թե գիտակցական բարձունքում ես, աճելու տեղ միշտ կա:  Առաջին անգամ գիտակցական աճ զգացի 25 տարեկանում, երբ սկսեցի ինքնակրթվել և ինքնաճանաչմամբ զբաղվել: Այդ տարիքում էր, որ հասկացա հակառակ կարծիքներ լսելու կարևորությունը: Այն, ինչը նախկինում տհաճ էր, սկսեցի արժևորել: Հաղթահարեցի դիմացինի կարծիքը լսել չցանկանալու, վիրավորվելու, սեփական սխալներն ու թերություններն անտեսելու վատ սովորությունը: 

Այսօր կարող եմ իմ մասին ցանկացած բացասական կարծիք լսել: Այդ կարծիքներին ես վերաբերվում եմ այնպես, ինչպես ոսկի որոնողն իր աշխատանքին. մինչև ավազը չպրպտես (կարծիքը չվերլուծես), չես հասկանա, թե դրանում արժեքավոր ինչ կա: Երբեմն պարզվում է, որ արժեքավոր ոչինչ էլ չկա: Բայց հիմնականում հակառակն է՝ կարծիքներից կարելի է ինչ-որ բան վերցնել և օգտագործել ի օգուտ մեզ:

Այդ օրը ես փոխվեցի

Մի օր՝ ընդմիջման ժամին, աշխատավայրում գործընկերներով զրուցում, կատակում էինք, երբ նրանցից մեկը ծիծաղելով ասաց. «Ինչ ցինիկն ես»: Ինձ համար դա անակնկալ էր: Ե՞ս… ցինի՞կ…: Այդ դրվագը մոտս հիշողությունների շղթա առաջացրեց: Հիշեցի դրանից մեկ-երկու տարի առաջ ընկերներիցս մեկի հայրիկի արտահայտությունը, երբ թեյի սեղանի շուրջ հավաքված՝ պատմում էի անելիքներիս, գործարարության, հաջողության մասին: Այդ ժամանակ բոլորը հիացած լսում, ժպտում էին, և լուրջ ուշադրություն չդարձրի այն միակ արտահայտությանը, որը չէր տեղավորվում ընդհանուր տրամաբանության մեջ: «Ինձ զարմացնում է քո… չգիտեմ, թե ինչպես անվանել… միգուցե՝ ցինիզմը»,- ասաց ընկերոջս հայրը: Հոր արտահայտությունից ընկերս շփոթվեց, ամոթխած դեմքը դարձրեց նրա վրա և փորձեց աչքերով սաստել: Թեման փոխվեց. կատակներ, ծիծաղ, հաճոյախոսություններ: Այդ ամենը մի քանի վայրկյան տևեց և արագ մոռացվեց: Հետո հիշեցի մորս խոսքերը, ով մի անգամ, երբ հպարտորեն գործերիցս էի խոսում, ասաց՝ «Մեծամիտ մի եղիր»: 

Սրանք առանձին դրվագներ էին, որոնք բազմազան՝ ինձ համար հաճելի իրադարձությունների մեջ կորում էին: Այդ կարծիքները վերլուծության չէին ենթարկվում: Սակայն աշխատավայրում ընդմիջման ժամին տեղի ունեցածն ամեն ինչ փոխեց: Սկսեցի ավելի գիտակցաբար վերաբերվել բոլոր կարծիքներին, որքան էլ սկզբում դրանք անհեթեթ, անտրամաբանական թվային: Դրանից հետո է, որ սկսեցի փոխվել՝ դառնալով ավելի խոնարհ: Դրա շնորհիվ է, որ այսօր փորձում եմ ոչ մի՝ նույնիսկ անէական թվացող կարծիք բաց չթողնել: Այդ կարծիքներն իմ զգացմունքների վրա գրեթե չեն ազդում, քանի որ դրանց վերաբերվում եմ որպես ինֆորմացիայի, որը, վերլուծության արդյունքում, կամ պետք է գիտելիք դառնա և օգնի ինձ աճել, կամ՝ մոռացվի: 



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: