Ինչն է ինձ օգնում անցյալի անհանգստությունից ազատվել
Ես ընդունում եմ իմ անցյալը: Ես ընդունում եմ անցյալի անհաջողությունները, անիմաստ անցկացրած տարիները, հոգեկան ծանր ապրումները: Ես ընդունում եմ, որ ժամանակին եղել եմ ոչ այնքան խելոք, սխալվել եմ, տվյալ բանը չեմ արել կամ չեմ ասել: Ես ընդունում եմ, որ իմ հարազատներից ոմանք չկան: Ես ընդունում եմ, որ կյանքը միշտ չէ, որ ուրախ է: Ես ընդունում եմ այն ամենը, ինչ իմ կյանքում եղել է, և համարում եմ դա փորձ, որը պետք է արդյունավետ օգտագործել:
Ժամանակը կրկնվելու հատկություն ունի: Մինչ մենք ափսոսում (անհանգստանում ենք) անցյալի համար, նման մի բան էլ տեղի է ունենում ներկայում: Իսկ մենք պատրաստ չենք դրան, քանի որ անցյալի հետ կապված մտքերը դեռ բաց չենք թողել:
Մի ափսոսա նրա համար, ինչը թողել ես անցյալում: Ափսոսա նրա համար, որ կարող ես բաց թողնել քո տեղը ապագայում:
Զգացմունքները, որոնք անցյալից մեզ մոտ գալիս են, մեզ չեն հարցնում՝ ցանկանում ենք իրենց, թե ոչ. դրանք պարզապես գալիս են: Եթե մարդիկ ընտրության հնարավորություն ունենային, համոզված եմ, որ մարդկանց մեծ մասը կընտրեր, որ անցյալի վատ հիշողություններն իրենց չանհանգստացնեին: Բայց այդ հնարավորությունը մենք չունենք: Քչերն են կարողանում իրենց զգացմունքները ղեկավարել:
Ինչ-որ պահի ես գիտակցեցի, որ ցանկանում եմ ընտրություն կատարել: Ընտրությունը կայանում էր նրանում, որ ես ցանկացա անցյալից վերցնել միայն գիտելիքը, իսկ զգացմունքներն անցյալում թողնել: Դա դարձավ արդյունավետ կյանք ապրելու իմ հիմնական սկզբունքներից մեկը: Ես թույլ չեմ տալիս, որ զգացմունքները խանգարեն այսօրն ու վաղը ստեղծելուն: Եթե անցյալի հետ կապող զգացմունքային թելը չկտրել, այսօրն էլ անցյալ կդառնա, որը վաղը մեզ մոտ անհանգստություն կառաջացնի, և այդպես երկար կշարունակվի:
Ինչն է ինձ օգնում անցյալը չհիշել
Առաջին հերթին ինձ օգնում են մարդիկ, որոնք կան: Ես գիտեմ, որ պետք է այդ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնեմ: Դրանք մարդիկ են, ովքեր կողքիս են ամեն օր, բայց նաև դրանք մարդիկ են, ում չեմ ճանաչում: Դա է պատճառը, որ ես սիրում եմ գրել: Այս պահին դա այն ձևն է, որով փորձում եմ մարդկանց կյանքը փոքր-ինչ ավելի լավը դարձնել:
Երկրորդը՝ ինձ օգնում է գիտակցումը, որ այն, ով ես կամ այսօր, իմ առավելագույն տարբերակը չէ: Ես ափսոսում եմ նրա համար, որ կարող եմ իմ հնարավորություններն ամբողջությամբ չօգտագործել: Դա ինձ եռանդ է տալիս և արթնացնում է վաղ առավոտյան:
Երրորդը՝ ինձ օգնում են արկածները: Ես կյանքին որպես խաղ եմ վերաբերվում: Դա չի նշանակում, որ անլուրջ եմ վերաբերվում: Գիտակից կյանք ապրելն իմ գլխավոր ընտրությունն է: Բայց այդ ուղղու մեջ ես փորձում եմ խաղային տարրեր մտցնել: Խաղում անդառնալի պարտություն չկա: Պետք է այնքան փորձել, մինչև տվյալ մակարդակն անցնել: Խաղի յուրաքանչյուր մակարդակում խաղացողին արկածներ են սպասում. խնդիրներ, գլուխկոտրուկներ, որոնք պետք է լուծել: Ես փորձում եմ արկածային դարձնել իմ կյանքը՝ աշխատանքից մինչև հանգիստ:
Չորրորդը՝ ինձ օգնում են չափելի նպատակները: Իմ աշխատասենյակի պատերին ամրացված են թղթեր, որոնց վրա ես տեսնում եմ, թե ինչ արդյունքներ եմ ուզում ունենալ մեկ ամիս, մեկ տարի, 5 տարի հետո: Ես ունեմ ժամկետներ, թե երբ պետք է այդ ամենին հասնեմ: Երբ մտքերս անցյալ են գնում, աչքովս ընկնում են այդ պաստառները, և մտքերս անմիջապես հետ են վերադառնում (ոգևորությամբ անցնում եմ օրվա գործերին):
Եվ վերջապես, անցյալից կտրվելուն ինձ օգնում է ինքնակրթվելը և նոր գիտելիքներ ձեռք բերելը: Գիտելիքը մեր ԵՍ-ի մի մասն է: Երբ գիտելիքը հին է, այն մեխանիկորեն մեզ անցյալ է տեղափոխում: Երբ ամեն օր նոր գիտելիք ես ստանում, քայլ ես կատարում դեպի առաջ, իսկ դա մտքերն անցյալից շեղում է :
Ի՞նչն է Ձեր կյանքում պակասում: Գիտելիքն այդ ուղղությամբ փնտրեք:
Ամփոփում
- Ընդունիր անցյալդ
- Կենտրոնացիր մարդկանց վրա, որոնց ուզում ես օգնել
- Դարձիր քո լավագույն տարբերակը (գործիր այսօր)
- Ճանապարհդ արկածային դարձրու
- Ունեցիր չափելի նպատակներ
- Ինքնակրթվիր