Ով է ավելի խելացի

Հեղինակ՝
խելացի մարդ

Դպրոցում մեզ համար խելացի էին բարձր գնահատական ստացողները: Միջին տարիքում խելացի էին թվում իրենց աշխատանքում (մասնագիտության մեջ) հաջողության հասածները: Իսկ պապիկներն ու տատիկները գրեթե միշտ թվում են խելացի (հաշվի ենք առնում նրանց տարիների փորձն ու գիտելիքը):

Սովորաբար երկու բան է կարևոր մարդուն խելացի համարելու համար.

  1. ում հետ ենք համեմատում նրան,
  2. հատկանիշները, որոնցով համեմատում ենք:

Չկան բացարձակ խելացի մարդիկ: Որպեսզի մարդը համարվի խելացի, անհրաժեշտ են այլ մարդիկ, որոնց համեմատ նա կլինի խելացի: Մի խմբում խելացի համարվողը կարող է մեկ այլ խմբում խելացի չհամարվել (օրինակ՝ համալսարանը կարմիր դիպլոմով ավարտած միջակ աշխատողը): Մեկ հատկանիշով խելացի համարվողը կարող է մեկ այլ հատկանիշով խելացի չհամարվել (օրինակ՝ արբեցող գիտնականը):

X կազմակերպության աշխատակիցն իր կազմակերպության ներսում կարող է համարվել խելացի, բայց ընկերների համար՝ ոչ խելացի, քանի որ աշխատում է X (սխալ ընտրված) կազմակերպությունում:

Մեզ պես մտածող մարդը խելացի է մեզ համար, բայց խելացի չէ մեզ պես չմտածող մարդու համար:

Մաթեմատիկայի խնդիրները լավ լուծողը պարտադիր չէ, որ լավ լուծի իր կյանքի խնդիրները:

Լավագույն մասնագետը գուցե սխալ մասնագիտություն է ընտրել (մի տեսանկյունից խելացի է, մյուսից՝ ոչ):

Ինձ համար ամենախելացի մարդիկ նրանք են, որոնք կարողանում են խելացի լինել իրենց կյանքի հնարավորինս շատ ոլորտներում: Այսինքն բավարար չէ խելացի մասնագետ լինել: Պետք է լինես խելացի ծնող, խելացի ամուսին, խելացի երեխա, առողջությանդ խելացի ձևով հետևող, երջանկության խելացի կառուցող, մարդկանց հետ խելացի կերպով շփվող, և այլն, և այլն: Նույնիսկ եթե այս ամենում խելացի ես, հնարավոր է խելացի չես ինչ-որ այլ հարցերում, քանի որ երբեք չես մտածել դրանց կարևորության մասին: Դրա համար պետք է լինես նաև խելացի ինքնակրթվող, որպեսզի գտնես քո կյանքին առնչվող այն ոլորտները, որոնցում խելացի չես, և դառնաս խելացի:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: