Վարժություն վատ տրամադրության դեմ

Հեղինակ՝
Վատ տրամադրություն

Սիրելի ընթերցող, լինում են օրեր, երբ հանկարծակի տխրում ենք: Թվում է՝ նույնիսկ պատճառ չկա, բայց կյանքը մի պահ մթնում է: Երբ իմ կյանքում ինչ-որ բան ինձ չի բավարարում, ես փորձում եմ մշակել համակարգ, որը հնարավորություն կտա մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը:

Այն պահերին, երբ տրամադրությունս ընկնում է, տարբեր բաներ եմ փորձարկում դրա դեմ: Շատ հաճախ օգնում է մարզվելը (քաղցր ուտելն ինձ համար խնդրի երկարաժամկետ, օգտակար լուծման տարբերակ չէ): Մի օր էլ տրամադրությունս ընկած էր, երբ փորձեցի մի բան, ինչի արդյունքում էներգիայի մեծ ներհոսք զգացի և օրս պայծառացավ: Դա մի կարճ վարժություն է, որի իմաստն է՝ գնահատել այն, ինչ ունես, և ուրախանալ դրա համար:

Նախապատմություն

Այդ օրն անտրամադիր արթնացա Ջերմուկի հյուրանոցներից մեկում: Մեկշաբաթյա հանգստի վերջին օրն էր: Տրամադրությունս ընկած էր, բայց որևէ լուրջ պատճառ չկար: Դա այն պահերից է, երբ գիտակցում ես, որ քեզ մոտ կարծես ամեն ինչ լավ է, բայց ինչ-որ բան չի բավարարում (չես հասկանում՝ ինչը): Ոգևորություն չկա: Սովորաբար նման վիճակում երկար չեմ մնում: Փոխում եմ մտքերս, կենտրոնանում եմ նրա վրա, ինչը ինձ ոգեշնչում է (ինչը կարևոր է), և տրամադրությունս արագ բարձրանում է: Այդ օրը հիշեցի 88-ամյա պապիկիս:

Ես և պապս ապրում էինք տարբեր քաղաքներում: Շաբաթական մեկ օր այցելում էի նրան, և մինչև երեկո միասին էինք անցկացնում: Պապս չէր համակերպվում ծերության հետ և անընդհատ բողոքում էր: Կորոնավիրուսի վտանգից հետո տնից հազվադեպ էր դուրս գալիս: Սովորաբար կամ խոսում էինք, կամ թղթախաղ էինք խաղում (միակ դեպքն է, երբ «ստիպված» թղթախաղ եմ խաղացել): Հիշում էր իր երիտասարդ տարիների հետաքրքիր դրվագները: Պատմում էր բժշկական համալսարան ընդունվելու, իր աշխատանքային հաջողությունների, իրեն կարևոր զգալու մասին: Երբեմն մտքով ավելի հետ էր գնում՝ իրենց գյուղ, երբ պատանի էր՝ «իմ պես եռանդուն և ակտիվ»: Կարող էր մի քանի ժամ ոգևորված պատմել: Հետո միտքը վերադառնում էր ներկա: «Չեմ հասկանում՝ ինչպես ծերացա». տխուր կրկնում էր:

Այդ պահերին պապուս շատ էի խղճում (չնայած չեմ կարծում, թե ծեր տարիքում մարդու կյանքը պետք է լինի տխուր և միապաղաղ: Դա կախված է նրանից, թե ինչպես է մարդը պլանավորում իր կյանքը): Փորձում էի նրան օգնել, որպեսզի գնահատի եղածը: Բայց պապուս մտքերն անցյալում էին: Դա նրան ճնշում էր:

Ջերմուկի հյուրանոցում պապուս մասին հիշողությունները ստիպեցին մի պահ ինձ պատկերացնել նրա փոխարեն: Փակեցի աչքերս և պատկերացրեցի, որ շատ ծեր եմ: Այդպես ծնվեց այս վարժությունը:

Վարժություն

Նստեք աթոռին: Մեջքը պահեք ուղիղ (մի կծկվեք, մի պառկեք): Մոտ մեկ րոպե փակեք աչքերը և թույլ տվեք, որ միտքն ազատ տեղաշարժվի: 

Փակ պահելով աչքերը՝ պատկերացրեք Ձեզ այն ամենածեր հասակում, որ Ձեր մտքով անցնում է: Պատկերացրեք այդ տարիքում Ձեր դեմքը, մաշկը, հագուստը, զգացողությունները: Պատկերացրեք, որ գտնվում եք նույն սենյակում և նստած եք նույն աթոռին: Մենակ եք, շուրջը լուռ է (կարծես տիեզերքի ողջ ուշադրությունն աթոռին նստած մարդու վրա է): Հստակ զգացեք ծերության պահը: Թույլ տվեք այդ զգացողությանը տարածվել Ձեր մարմնով: Դա Ձեր կյանքի այն շրջանն է, որը լինելու է 30 կամ 60 տարի անց:

Իսկ հիմա պատկերացրեք, որ աթոռին նստած ծեր մարդը հիշում է իր անցյալը: Մտքով նա տեղափոխվում է այն նույն օրը, որում հիմա եք: Նա մանրամասն հիշում է իր օրը՝ ինչպես արթնացավ, ինչ արեց, ինչ խոսեց հարազատների հետ, ինչի համար էր անհանգստանում, ինչ կարող էր անել, բայց չէր անում: Խնդիրները, որոնք այդ օրը նրան մեծ էին թվում, այժմ թվում են անէական: Նա երազում է վերապրել այդ օրը և կրկին ունենալ իր բոլոր խնդիրները: Նա գիտակցում է, որ դա սովորական օր չէր, այլ երջանիկ օր էր:

Իսկ հիմա բացեք աչքերը: Դուք ունեք այդ օրը, սիրելի ընթերցող:

Հ.Գ.
Մեծ տարիքում կարող ես ունենալ երջանիկ կյանք, եթե այդ մասին նախապես մտածես (30 տարեկանում, ոչ թե 60): Այդ մասին մի քանի գլուխ կգտնեք «Երբ հասուն դարձա» գրքում:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: